Ucom–ի ապօրինի օտարման և կոռուպցիայի փորձ. «Գալաքսի» ԸԽ–ն և ՀՀ կառավարությունը հնչեցնում են փոխադարձ մեղադրանքներ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Ucom–ի ընկերության շուրջ արդեն մոտ մեկ ամիս ծավալվող սկանդալը չի մարում, ավելին`այն զարգանում է, սկսում են հնչել նոր մեղադրանքներ։ Մասնավորապես, երեքշաբթբի «Գալաքսի» ընկերությունների խումբը մեղադրել է ՀՀ կառավարությանը Ucom–ն ապօրինի օտարելու փորձի մեջ, իսկ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ներկայացրել է փոխադարձ մեղադրանքներ։
«Գալաքսիի» մեղադրանքները
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել (հաղորդագրությունն ուղարկվել է գործակալությանը), որում, մասնավորապես, ասվում է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները պահանջում են օտարել Ucom–ն ու հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերությունը։
«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինությունները և տեղեկացնում, որ ճնշումների, սադրանքների, պետական որոշ լծակների ոչ իրավաչափ կիրառման միջոցով իրականացվող ճնշումներին տեղի չենք տալիու։ Վստահ եմ, որ մեր հենքը օրինական է, բարոյական ու մենք չեն դարձնելու 12 տարվա ինստիտուցիոնալ կառույցը՝ իր սոցիալական կապիտալով ու մարդկային ճակատագրերով, սակարկությունների առարկա անգամ ամենածանր ճնշումների պարագայում», – նշվում է Խաչատրյանի հայտարարության մեջ։
Կառավարության պատասխանը
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Facebook–յան իր էջում արձագանքել է այս հայտարարությանը։
«Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառված վնասը», – գրել է Գևորգյանը։
Նա նշել է, որ ՀՀ կառավարության ունեցած տվյալներով «Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն»: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը:
«Ինչ վերաբերվում է Ucom ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում», – գրել է Գևորգյանը։
Նա հրապարակել է նաև վարչապետի դիրքորոշումը։ Եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, «ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները»:
«Ասեմ նաև, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների», – գրել է Գևորգյանը։
Նա նաև նշել է, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է:
«Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով», – գրել է Գևորգյանը:
Քրեական գործեր Գագիկ Խաչատրյանի դեմ և Ucom–ի բաժնետոմսերի կալանք
ՀՀ ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ով այս պահին կալանավորված է, ձերբակալվել է ԱԱԾ–ի կողմից 2019թ.–ի օգոստոսի 27–ին քրեական օրենսգրքի` «Ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում» և «Առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում» հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։
Այսօր` ապրիլի 28–ին, ԱԱԾ–ն հայտնեց 22,4 մլն դոլարի չափով կաշառք տալու քրեական գործի բացահայտման մասին։ Գերատեսչությունը ներկայացրել է հանցավոր սխեմայի մանրամասները, որին, ըստ քննության, առնչություն են ունեցել խոշոր ձեռնարկության գլխավոր տնօրենն ու բարձրաստիճան պաշտոնյան (ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար)` իր որդիների հետ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր hetq.am–ը, հղում անելով պետռեգիստրի տվյալներին, 2020թ.–ի մարտի 27–ին Ucom ընկերության` Խաչատրյաններին պատկանող մասնաբաժնի վրա կալանք է դրվել։
«Գալաքսի» ընկերությունների խմբի նույն հայտարարության մեջ նշվում է, որ «բոլոր գույքերի, այդ թվում Ucom և IUnetworks ընկերությունների բաժնեմասերի վրա դրված է անօրինական կալանք»։
Իսկ ի՞նչ եղավ Ucom–ի հետ
Ապրիլի 9–ին ընկերության համահիմնադիր և ներկայում նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ու Ucom–ի ողջ ղեկավարությունը որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքային պարտականությունները, ինչից հետո ընկերության ավելի քան 800 աշխատակից գրեցին աշխատանքից ազատման դիմում։ Ընկերության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում էր, որ ստեղծված իրավիճակի պատճառը բաժնետերերի միջև ծագած տարաձայնություններն են։
Ապրիլի 20–ին Եսայանը, ով եղբոր հետ Ucom–ի բաժնետոմսերի մոտ 6%–ի սեփականատերն է, հայտարարեց ընկերությունից վերջնականապես հեռանալու մասին այն բանից հետո, երբ չէր ընդունվել 34 մլրդ դրամով (մոտ 70 մլն դոլար) բաժնետոմսերի հիմնական մասը (94,01%) գնելու նրա առաջարկը, իսկ Տնօրենների խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնում հաստատեց Հայկ Խաչատրյանին։
Նշենք, որ «Գալաքսին», ըստ էության, Ucom–ի բաժնետոմսերի խոշորագույն սեփականատերն է, Գագիկ Խաչատրյանի ընտանիքին է պատկանում մոտ 78%–ը։
«Գալաքսի» ընկերությունների խմբի մասին
«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների կողմից և գործունեության 20 տարիների ընթացքում կարողացել է դառնալ երկրի թիվ մեկ գործատուներից մեկը՝ մոտ 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով։ «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է՝ տարեկան 13-15 միլիարդ ՀՀ դրամ հարկային վճարումներով։
Ucom ընկերության մասին
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007թ.–ին։ Այն, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ ($1 - 479,58 դրամ)։–0–Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:12 28.04.2020