«Հայփոստի» Գառնիի փոստային բաժանմունքում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ է գործարկվել
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին գործարկվել է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ «Հայփոստի» Գառնիի փոստային բաժանմունքում, հաղորդում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը։
Այսուհետ Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքը պետական ծառայություն է մատուցելու՝ սպասարկելով նաև համայնքի հարակից գյուղերի բնակչությանը (Գողթ, Գեղարդ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և այլն):
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկման մեկնարկին մասնակցեցին ՀՀարդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նման գրասենյակների գործարկմամբպետական ծառայություններն ավելի հասանելի են դառնում ՀՀ քաղաքացիների համար:
Նախարարի համոզմամբ, ծրագիրը, մասնավորապես, ուղղված է մարզերի բնակիչների հոգսի թեթևացմանը. «Այսուհետ, պետականմարմնից որևէ տեղեկանք ստանալու համար գյուղացին ստիպված չի լինի հասնելու մայրաքաղաք կամ մարզկենտրոն»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը բարձր է գնահատել կառավարություն-մասնավոր հատված համագործակցության նման ձևաչափն ու նշել, որ ընկերությունը պետական մի շարք ծառայությունների մատուցումն ավելի հասանելի կդարձնի ՀՀ քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Երևանում Պետական միասնական գրասենյակի ծառայությունները մատուցում են նաև «Հայփոստ»-ի թիվ 01 փոստային բաժանմունքում (հասցե՝ Նալբանդյան 21):
Առաջիկայում նախատեսվում է Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ բացել հանրապետության մյուս մարզերի «Հայփոստի» մի շարք բաժանմունքներում ևս:
Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Այժմ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում: «ՀայՓոստ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարությունն է: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:57 07.12.2016