«Orange Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100%–ի վաճառքի շուրջ բանակցություններ են ընթանում Ucom ընկերության հետ
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 22. /ԱՌԿԱ/. Orange խումբը ներկա պահին բանակցություններ է վարում Ucom ընկերության հետ «Orange Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի վաճառքի մասին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Orange Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
«Վաճառքի մասին որոշումը կապված չէ ֆինանսական խնդիրների հետ, այլ պայմանավորված է մեր բաժանորդներին կոնվերգենտ ծառայություններ, այդ թվում` ֆիքսված կապի և հեռուստատեսության ծառայություններ տրամադրելու ցանկությամբ»,– ասաց նա։
««Orange Արմենիան» կմնա որպես բջջային օպերատոր, կպահպանի արտոնագրերը և ենթակառուցվածքը, ընկերության 500 աշխատողները կշարունակեն իրենց գործունեությունը, ծառայություններ կտրամադրվեն 650 հազար գործող և նոր բաժանորդներին»,– ասաց Ժելիբտերը։
Նա նշեց, որ 12 ամսվա ընթացքում ընկերության անվանումը չի փոխվի։
Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։
Աուդիտային հաշվետվության համաձայն, ընկերությունը 2014թ.–ին 4 մլրդ դրամի չափով վնասներ է կրել` 2013թ.–ի 3,85 մլրդ դրամի դիմաց։ 2014թ.–ի տվյալներով` Orange Արմենիայի ներդրումները հանրապետությունում 5–ամյա գործունեության ընթացքում գերազանցել են 100 մլրդ դրամը։
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:21 22.07.2015