ԱՄՆ-ն շահագրգռված է հայ և ամերիկյան ընկերությունների համագործակցությամբ ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման համար. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական և ամերիկյան ընկերությունների համագործակցությամբ՝ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման համար, ասաց Հայաստանում ԱՄՆ դեպսան Ջոն Հեֆֆերնը Digitec ամենամյա հինգերորդ բիզնես-ֆորումի շրջանակներում:
Digitec ամենամյա հինգերորդ բիզնես-ֆորումն անցկացվում է Երևանում հունիսի 15-16-ը` «Թվային լուծումները նորարարական տնտեսության համար» խորագրով:
«Հայաստանի ՏՏ ոլորտն ամենաարագ զարգացողներից և հետաքրքիրներից մեկն է, և այդ պատճառով էլ ԱՄՆ դեսպանությունը և Միջազգային զարգացման գործակալությունը շահագրգռված են նրանով, որ հայ և ամերիկյան ընկերությունները միասին աշխատեն այդ ոլորտի զարգացման համար»,- ուրբաթ լրագրողներին ասաց Հեֆֆերնը:
Դեսպանը նշեց, որ կանոնավոր հանդիպումներ է ունենում Հայաստանի ՏՏ ընկերությույնների ներկայացուցիչների հետ, ովքեր փաստում են, որ ոլորտը կարող է ավելի արագ զարգանալ համապատասխան կադրերի առկայության դեպքում:
Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ, քանի որ ոլորտում կան աշխատատեղեր, համապատասխան կրթություն ունեցող երիտասարդ սերնդի ներկայացուցիչները կարող են իրենց գիտելիքները ներդնել զարգացող ճյուղում:
Digitec բիզնես-ֆորումի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE), իսկ գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline): Միջոցառումն անցկացվում է Հայաստանի վարչապետի հովանու ներքո` USAID ձեռնարկությունների և շուկայի մրցունակության զարգացման (Enterpise development and market competitiveness project - EDMC) ծրագրի աջակցությամբ:
Ֆորումի շրջանակներում կանցկացվեն համաժողով՝ նվիրված տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին, մի շարք տեխնոլոգիական սեմինարներ, ինչպես նաև «DigiTec Business» ավանդական ֆորում-ցուցահանդեսը, որում կներկայացվեն ավելի քան 40 ընկերություններ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:36 15.06.2012