ՀՀ ՀԾԿՀ-Ն ԻՆՏԵՐՆԵՏ-ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՈՒ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ «Մառլեոնե» ՍՊԸ-ին, «Կարեն-5» արտադրական կոոպերատիվին, ինչպես նաև անհատ ձեռներեցներ Անահիտ Մինասյանին և Արշակ Ղազարյանին ինտերնետ-հասանելիության ծառայություններ մատուցելու և տվյալներ հաղորդելու արտոնագիր տրամադրելու մասին որոշում է ընդունել։
Ինչպես հայտնեց տվյալ հարցով զեկուցող, ՀԾԿՀ իրավաբանական հարցերի և արտոնագրման վարչության պետ Հմայակ Ամիրաղյանը, տրամադրված արտոնագրերն անժամկետ են և թույլատրում են գործունեություն ծավալել Երևանի տարածքում։
Բացի այդ ՀԿԾՀ-ն IP-հեռակապի ծառայություններ մատուցելու անժամկետ արտոնագիր է տրամադրել անհատ ձեռներեց Հեղինե Դարբինյանին։
Փորձագետների գնահատականներով՝ Հայաստանում ավելի քան 100 ընկերություններ IP-հեռակապի ծառայություններ մատուցելու արտոնագրեր ունեն։ ՀՀ ՀԿԾՀ-ն ներկայումս նման արտոնագրեր տրամադրում է հեշտացված կարգով։ Ընդ որում այս ընկերությունները հնարավորություն ունեն իրականացնել միայն ելքային միջազգային զանգեր։
VoIP-ն (Voice-over-IP - IP-հեռակապ) կապի համակարգ է, որը Ինտերնետ ցանցի կամ ցանկացած այլ IP ցանցերի միջոցով խոսքային ազդանշանի հաղորդում է ապահովում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
23:08 15.04.2009