ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԿՄՇԱԿՎԻ ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգը Հայաստանում կմշակվի մինչև 2010 թվականի սեպտեմբերը, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային անվտանգության խորհդի մամուլի ծառայությունից։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կայացել է հինգշաբթի։
Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության եռամյա ծրագրի համաձայն` 2012 թվականի հունվարից Հայաստանում պետք է ներդրվի էլեկտրոնային կառավարման ամբողջական համակարգ:
Այս կապակցությամբ աշխատանքային խումբը մինչև սեպտեմբեր պետք է մշակի Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգ:
Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ էլեկտրոնային կառավարման համակարգը պետք է ոչ միայն ներառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, այլև պետք է հնարավորություն ստեղծվի, որ տնտեսվարող սուբյեկտները ուղիղ էլեկտրոնային փոստով կարողանան հաղորդակցվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
«Սա վիթխարի ծավալի աշխատանք է ենթադրում, որը կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ավելորդ թղթատարության վերացմանը, բյուրոկրատական քաշքշուկների նվազեցմանը և հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին, պետական և համայնքային համակարգի աշխատակիցներին` աշխատել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով»,- ասաց Բաղդասարյանը։
Հայեցակարգի մշակումն ու իրականացումը կզուգակցվի օրենսդրական դաշտի կարգավորմամբ, մասնավորապես, կմշակվեն և կառավարություն կներկայացվեն «Տվյալների շտեմարանների մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծերը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
00:13 05.02.2010