«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՆԱԽԱԳԻԾԸ ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Էլեկտրոնային Հայաստանը և ներդրումային ոլորտի զարգացման ծրագիրը» 30 մլն դոլար արժողությամբ նախագիծը շուտով կներկայացվի Երևանում, շաբաթ օրը ԱԺ պրոֆիլային հանձնաժողովներում 2011թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։
«Շուտով մենք Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային Հայաստանը և ներդրումային ոլորտի զարգացման ծրագիրը» նախագիծը կներկայացնենք՝ 24 մլն դոլար չափով, որի վրա երկուսուկես տարի աշխատել ենք և որն իրականացվում է կառավարության կողմից 20 տոկոս համաֆինանսավորմամբ, ինչի հաշվին ծրագրի ընդհանուր արժեքը 30 մլն դոլար է կազմում»,- ասաց Երիցյանը։
Ըստ նրա, ծրագիրը երկու խոշոր բաղադրիչ է ենթադրում, որոնցից մեկը համակարգչային և ինտերնետ հասանելիության և նորարարությունների խթանման ծրագիրն է։
Նա նշեց, որ այս բաղադրիչի շրջանակներում ծրագրվում է Գյումրիի տեխնոպարկի շենքերից մեկի վերականգնումը և դրա հիման վրա ներդրումային լաբորատորիայի շինարարությունը, ինչը թույլ կտա, որ ուսումնասիրություններ անցկացնեն ուսանողներն ու հետազոտական խմբերը, փոքր և միջին բիզնեսն օգտագործի լաբորատորիական ներուժը։
«Ծրագրվում է նաև հասանելի և որակյալ տարածքներ տրամադրել բիզնես սկսելու համար։ Համանման նախագծի շրջանակներում ծրագրվում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, Զարգացման հայկական գործակալությունում և ՓՄՁ աջակցության ազգային կենտրոնում փոքր և միջին բիզնեսի ինկուբացիայի որոշակի հնարավորություններ ստեղծել»,- ասաց Երիցյանը։
Ծրագրի երկրորդ հիմնական բաղադրիչը գաղափարների համար դրամաշնորհներ և ավելի վաղ վենչուրային ֆինանսավորում տրամադրելն է։
Ըստ նրա, ինքնին վենչուրային ֆինանսավորում չի ծրագրվում, քանի որ ենթադրվում է աջակցել այն ընկերություններին, որոնք կայացած վենչուրային ֆոնդերից կկարողանան ինքնուրույն միջոցներ ներգրավվել։
Ինչպես նշեց նախարարը, գաղափարների սկզբնական փուլում պետության կողմից 50 տոկոս համաֆինանսավորում է ծրագրվում, իսկ փաստացիորեն կյանքի կոչելուց հետո նաև պետական աջակցություն է ենթադրվում իրական ծրագրի մշակման մեջ՝ պոտենցիալ ներդրողին ներկայացնելու համար։
«Նաև ընդհանուր արտադրողականության բարձրացման բաղադրիչ է նախատեսվում, որի շրջանակներում տարբեր նորարարական գաղափարներ կֆինանսավորվեն, ինչպես նաև ծրագրավորման սերտիֆիկացման կենտրոն կստեղծվի, որը թույլ կտա մեր ծրագրավորողներին ոչ թե ծառայություններ տրամադրել, այլև ինքնուրույն արտադրանք մշակել, ինչպես նաև ծրագրվում է խրախուսել հայ ձեռնարկատերերին Սիլիկոնյան հովտում սեփական բիզնես սկսելու գործում»,- ասաց Երիցյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
21:36 25.10.2010