Xbox և Windows Phone տեխնոլոգիաները Հայաստանում կհայտնվեն 2012թ.-ին. Microsoft
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Microsoft ներկայացուցչությունն աշխատանքներ է տանում, որոնք ուղղված են նրան, որպեսզի 2012թ.-ին Xbox Kinect և Windows Phone տեխնոլոգիաները հայտնվեն հանրապետությունում, ասաց ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը:
«Հայաստանում Xbox տեխնոլոգիաների հասանելիության ապահովման հետ կապված մեծ խնդիրներ կան, ներկայացուցչությունը լրջորեն զբաղվում է այդ հարցերով, և հուսով եմ, որ 2012թ.-ին ինչպես Xbox Kinect տեխնոլոգիաները, այդպես էլ Windows Phone-ը կհայտնվեն Հայաստանում»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Բարսեղյանը:
Բարսեղյանը նշեց, որ Microsoft-ը բանակցություններ է վարում հեռահաղորդակցական գործընկերոջ հետ՝ Xbox Kinect վերաբերյալ, և դրա աջակցման համար ուժեղ ինտերնետ կապ է հարկավոր: Բացի այդ, ըստ նրա՝ լեզվական և օրենսդրային խնդիրներ կան: Ինչ վերաբերվում է cloud computing-ին (ամպամած հաշվարկումներ), ապա, ըստ նրա՝ ԱրմենՏել ընկերության հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի ամպային տեխնոլոգիաների հասանելիություն ապահովեն բիզնեսի և առանձին անձանց համար:
Բարսեղյանն ավելացրեց, որ Microsoft-ը DigiTec Business ամենամյա չորրորդ ֆորումի շրջանակներում մտադիր է ներկայացնել ընկերության ամենավերջին նորարարական տեխնոլոգիաները՝ սկսած Xbox տեխնոլոգիաներից մինչև cloud computing-ը:
DigiTec Business ամենամյա չորրորդ ֆորումը տեղի կունենա հունիսի 24-25-ը Երևանում: Ֆորումի շրջանակներում ՏՀՏ ոլորտի շուրջ 40 ընկերություններ կներկայացնեն տեխնոլոգիական վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների և գործարարների համար: Նախատեսված է Start up ֆորում, որին կմասնակցեն շուրջ 10 հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերություններ:
Ֆորումի կազմակերպիչներն են՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և պաշտոնական հովանավորը` «Մայքրոսոֆթ» ընկերություն: Digitec Business Forum – 2011-ի տեղեկատվական հովանավորն է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
00:30 26.05.2011