Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը հայտարարել են HighConnect համահայկական հարթակի ստեղծման մասին
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամերիկահայ հայտնի ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Reddit ծառայության համահիմնադիր և գործադիր նախագահ Ալեքսիս Օհանյանը, Synopsys Armenia–ի նախագահ Երվանդ Զորյանը, ամերիկահայ հայտնի բժիշկ և «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Երևանում անցկացվող WCIT-2019–ի շրջանակում հայտարարեցին HighConnect համահայկական թվային հարթակի ստեղծման մասին։
«Այն թույլ կտա միավորել տարբեր հետաքրքրություններ ունեցող աշխարհասփյուռ հայությանը», – ասաց Թանկյանը։
Արշակյանն իր հերթին նշեց, որ հարթակի անվան հիմքում բառախաղ է, քանի որ անգլերեն «High» (բարձր) բառն արտաբերելիս հնչում է ինչպես «Հայ»։
«Թվային տեխնոլոգիաները կարող են թույլ տալ ստեղծել նմանատիպ առցանց միջավայր։ Մենք պետք է օգտագործենք մեր փորձը` նմանատիպ հարթակ ստեղծելու համար, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը կարողանա օգտագործել այն և բարգավաճել», – ասաց Օհանյանը։
Իսրայելյանն իր հերթին նշեց, որ նմանատիպ հարթակի ստեղծման գաղափարը քննարկվել է ավելի քան մեկ տարի։
«Մենք 10 միլիոն ենք և ցրված ենք աշխարհով մեկ։ Պետք է կապ պահպանենք, և այս հարթակը թույլ կտա անել դա», – ասաց նա։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:31 08.10.2019