ՀԾԿՀ-Ն ՀԱՅԿԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել հայկական բջջային օպերատորների փոխկապակցված սակագների հաստատման վերաբերյալ:
«Որոշումների նախագծով կանոնակարգվում է «ԱրմենՏել» ՓԲԸ, «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Տելեկոմ» էլեկտրոնային հաղորդակցության հանրային ցանցերի միջև փոխկապակցված սակագների վճարումների ժամանակացույցը, որն ուժի մեջ կմտնի 2010թ.-ի հունվարի 1-ին»,- նիստի ժամանակ հայտնեց ՀԾԿՀ հաղորդակցության բաժնի պետ Գևորգ Գևորգյանը:
Նրա խոսքերով, մասնավորապես ժամանակացույցով կիսամյակի կտրվածքով նախատեսվում է ծառայությունների փոխկապակցված սակագների համամասնական իջեցում 10-60 տոկոսի չափով:
«2011թ.-ի հուլիսի 1-ից նախատեսվում է 11,4 դրամի չափով միասնական սակագնի օգտագործում, իսկ բջջային ցանցից դեպի Երևանի ամրակցված ցանց սակագինը 9 դրամ կկազմի, ընդ որում արտասահմանից եկող մուտքային զանգերի սակագինը 12 ցենտ կկազմի»,- ասաց Գևորգյանը:
Իր հերթին VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ VivaCell-MTS-ը միշտ գործել է ու ապագայում գործելու է ՀԾԿՀ որոշումների համաձայն:
«ԱրմենՏել» ՓԲԸ /ապրանքանիշը՝ Beeline/ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի կարծիքով ՀԾԿՀ-ն այսօր շատ բարդ որոշում է կայացրել, քանի որ հանձնաժողովը պետք է չափազանց կշռադատված դիրքորոշում ընդուներ՝ հաշվի առնելով բոլոր օպերատորների շահերը, ինչպես նրանց, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում շուկայում, այնպես էլ նրանց, որոնք նոր են շուկա մտնելու:
«Հանձնաժողովը շատ բարդ խնդրի առաջ էր կանգնած, բայց ես կարծում եմ, որ այն բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորեց տվյալ հարցի լուծման գործում և իսկապես այն որոշումը, որն ընդունվեց, շատ խելամիտ, կշռադատված պարզվեց և պետք է որ բխի բոլոր առկա օպերատորների շահերից»,- նշեց Կլիմկոն:
Ընդ որում,Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հավելեց, որ այս որոշումը հայկական շուկան մոտեցնում է Եվրախորհրդի հանձնարարականներին:
Հայկական բջջային շուկայում գործում է երկու ընկերություն՝ «ԱրմենՏելը», որի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական «ՎիմպելԿոմին» և VivaСell-MTS-ը, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսական МТС ընկերությունը։
Երրորդ օպերատորը՝ Orange Armenia ընկերությունը (France Telecom-ի 100 տոկոսանոց դուստրը), 2008 թ.-ի հոկտեմբերի 7-ին հաղթել է
Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի մրցույթում՝ ներկայացնելով GSM-արտոնագրի ստացման համար խոշորագույն առաջարկը՝ 51,5 միլիոն եվրո: Ընկերությունը ծրագրում է դուրս գալ հայկական շուկա 2009 թ.-ի աշնանը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
23:47 19.08.2009