«ԱրմենՏելը» լրացուցիչ ռադիոհաճախականություններ է ստացել Հայաստանի ֆիքսված կապի զարգացման համար
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի կայացած նիստում ռադիոռելեային կապի ռադիոհաճախականություններ է տրամադրել «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) հեռահաղորդակցային ընկերությանը։
Ինչպես հայտնեց Հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, ներկայացնելով հանձնաժողովի որոշումը, 14515-14711 ՄՀց, 14935-15131 ՄՀց, 22078/23086 ՄՀց, 23030/22022 ՄՀց ռադիոհաճախականությունները տրամադրվում են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերի ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար մինչև 2013 թվականի մարտի 3-ը։
Տրամադրված ռադիոհաճախականությունները տեխնիկական բնույթ են կրում և նախատեսված են Հայաստանի ֆիքսված կապի ցանցի ճարտարապետության փոփոխման և զարգացման նպատակով։
ՀԾԿՀ մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է հայտարարվել ռադիոէլեկտրոնային միջոցների տեղաբաշխման համար ընկերությանը ռադիոհաճախականությունների տրամադրման իր նախորդ որոշումներից մեկը։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ: --0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:44 29.06.2011