«ԱՐՄԵՆՏԵԼ» ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ է ՌՈՈՒՄԻՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ –ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է միջազգային ռոումինգի աշխարհագրության ընդլայնման մասին:
Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, այժմ Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն են ստացել օգտվելու միջազգային GPRS ռոումինգից Պորտուգալիայում, Սերբիայում և Բանգլադեշում և 3G ռոումինգից` Եգիպտոսում։
«Մենք անընդհատ ընդլայնում ենք առաջարկվող ռոումինգ-ծառայությունների տեսականին և աշխարհագրությունը: Այժմ խոսքը վերաբերում է ոչ միայն ճանապարհորդության ընթացքում հասանելի լինելուն, այլև մեր ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայություններից օգտվելուն` լինելով Հայաստանի սահմաններից դուրս: Ժամանակակից տեխնոլոգիաներն իսկապես միավորում են աշխարհը, և մենք հպարտ ենք այդ գործընթացում մեր ներդրումն ունենալու համար», - հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«ԱրմենՏել»-ի GPRS ռոումինգը հասանելի է հիսուն երկրում, իսկ 3G ռոումինգը` տասնվեց երկրում: Գլոբալ ռոումինգի ծառայությունները ներառյալ, այսօր «ԱրմենՏել»-ի ռումինգ գործընկերների թիվը կազմում է 470 օպերատոր աշխարհի 210 երկրում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է։ «ԱրմենՏելը», որի 100 տոկոս բաժնետոմսերը 2007թ.-ի ապրիլից պատկանում են ռուսական ընկերությանը, տրամադրում է ֆիքսված (շուրջ 650 հազար բաժանորդ) և բջջային (ավելի քան 784 հազար բաժանորդ) հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
01:33 28.05.2009