Երեվանում կարող է նորարարական համագործակցության ռուս-հայկական կենտրոն ստեղծվել
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի շրջանակներում հնարավոր է ստեղծվի նորարարական համագործակցության կենտրոն, ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության գործերով դաշնային գործակալության (Россострудничество) ղեկավար Ֆարիթ Մուհամեթշինը:
«Հայաստանում կան մի շարք նախագծեր, որոնք կարելի է թեկուզ վաղը քննարկել և աջակցություն ցուցաբերել դրանց իրագործման տեսակետից», - ուրբաթ Երևանում ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:
Մուհամեթշինի խոսքերով՝ այդ կենտրոնը կստեղծվի երկկողմ հիմքի վրա և կօգնի Ռուսաստանում և Հայաստանում նոր տեխնոլոգիաների առաջխաղացմանը:
Նա նշել է նաև, որ կենտրոնի ստեղծման աշխատանքներին կմասնակցեն Գիտության և նորարարությունների դաշնային գործակալությունը Նանոտեխնոլոգիաների ռուսական կորպորացիան՝ ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության գործերով դաշնային գործակալության համակարգմամբ և Գիտությունների ակադեմիայի ու վերջերս Դուբնայի միջուկային կենտրոնում ստեղծված Տեխնոլոգիական և հումանիտար համագործակցության միջազգային նորարարական կենտրոնի ներգրավմամբ, ինչպես նաև շահագրգռված հայկական հաստատություններն ու գործադիր իշխանության մարմինները:
Մուհամեթշինն ասել է նաև, որ Կենտրոնի ստեղծման մասին որոշումը կարելի է արագ ընդունել, սակայն ծրագրերի իրագործումը կարող է մի քանի ամիս տևել, քանի որ անհրաժեշտ է ամեն ինչ համաձայնեցնել տարբեր կառույցների հետ՝ աշխատանքների օպտիմալ մեկնարկի համատեղ մշակման նպատակով:
«Մենք ցանկանում ենք այս աշխատանքում ներգրավել Ռուս-հայկական սլավոնական համալսարանը, որը նորարարական ոլորտում որոշակի հմտություններ և ծրագրեր ունի: Այնտեղ հասկանում են, թե ինչ ենք մենք ուզում և ինչպես դա անել», - ընդգծել է նա:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
22:47 12.09.2009