Երևանում ներկայացվել է Բաքվի հայ համայնքի հարուստ անցյալն ու ժառանգությունը լուսաբանող baku.am կայքը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի Երևանում ներկայացվել է Բաքվի հայ համայնքի ժառանգությանն ու անցյալին վերաբերող baku.am կայքը։
Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը, կայքի նպատակը քաղաքի հայկական համայնքի ժառանգության և հարուստ անցյալի լուսաբանումն է։
«Կայքի ստեղծման գաղափարն առաջացել է մի շարք արխիվային փաստաթղթերին ծանոթանալուց հետո, որոնք վկայում են Բաքվի զարգացման և կայացման մեջ հայերի հարուստ ներդրման մասին, ինչի կապակցությամբ մենք որոշեցինք առանց ագրեցիայի և հակաազգային քարոզչության՝ ակադեմիական մակարդակով աշխարհին ներկայացնել Բաքվի հայկական քաղաքակրթությունը»,- ասաց Դեմոյանը։
Նա նշեց, որ կայքը թույլ կտա ադրբեջանցիների երիտասարդ սերնդին ներկայացնել Բաքվի հայ ժողովրդի ժառանգության և իրական սեփականության վերաբերյալ այլընտրանքային տեղեկատվություն՝ պետական մակարդակով Ադրբեջանում մշտական հնչող հակահայկական հիստերիայի և այլատյացության ֆոնի ներքո։
Ըստ նրա, կայքում քարոզչական տեղեկատվություն չկա, իսկ բոլոր նյութերը հիմնված են իրական արխիվային փաստաթղթերի, պատմական փաստերի, Բաքվի ճարտարապետական ժառանգության վրա։ Միաժամանակ կայքը բաց է առաջարկների և լրացումների համար։
«Բաքվի առաջին թատրոնը հայերն են կառուցել, ովքեր նաև նրանց հպարտության ու սեփականության՝ Ադրբեջանի նավթային արդյունաբերության հիմքն են դրել, որտեղ այսօրվա դրությամբ միայն հայկական քաղաքակրթության ուրվականն է մնացել»,- ասաց Դեմոյանը։
Ըստ նրա, կայքում ներկայացված ողջ տեղեկատվությունն իր մեջ ներառում է խորհրդային ժամանակաշրջանի՝ մինչև 1920թ.-ի փաստերը։ Հետագայում ծրագրվում է ընդլայնել և տեղեկատվություններով ու խորհրդային շրջանում Բաքվի հայերի կյանքի մասին փաստերով լրացնել ռեսուրսը:
Կայքը ներկայացված է երեք լեզվով՝ ռուսերեն, հայերեն և անգլերեն, ներառում է արխիվային և պատմական փասթաթղթեր, լուսանկարներ, նմուշներ թանգարաններից և աճուրդներից։ Կայքի տեղեկատվությունը ներկայացված է մի քանի սյունակով, որոնք իրենց մեջ ներառում են քաղաքի պատմությունը, լիտոգրաֆիա, Բաքուն՝ հին բացիկների վրա, Բաքվի մուսուլմանների պատմությունը, հրատարակչական գործը։ Առանձին սյունակներով նաև ներկայացված է հայերի ներդրումը, հայկական ճարտարապետության հուշարձանների պատկերասրահը, լուսանակարներ ընտանական ալբոմներից, ինչպես նաև Բաքվի հայերի ջարդերը 1905, 1918, 1990 թթ.։
Ինչպես նշեց Դեմոյանը, կայքում նաև յուրօրինակ փաստաթղթեր են ներկայացված, մասնավորապես, 1873թ.-ի լոնդոնյան թերթը, որտեղ առաջին տողում ներկայացված են ազգային հայկական տարազներով Բաքվի հայ կանանց լուսանկարները։
Ըստ նրա՝ մեկ այլ եզակի փաստաթուղթ է 1919թ.-ի «Բաքվի արդյունաբերությունը» տեղեկատուն, որտեղ ներկայացված է ձեռնարկությունների, նրանց ղեկավարների ողջ անվանակարգը, ինչպես նաև հիմնական արդյունաբերական և առևտրային կառույցները, գովազդային նյութերը։
«Տեղեկատուն նայելիս հասկանալի է դառնում Բաքվի արդյունաբերական արտադրության մեջ հայերի խաղացած դերը, քանի որ նավթային ընկերությունների 80-90 տոկոսը հատկապես հայկական անվանումներ են կրել, արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների և բաժնետերերի հիմնական մասը հայեր են եղել, ինչը նույնպես ակնհայտ է այդ ժամանակաշրջանի գովազդային պաստառներից»,- ասաց Դեմոյանը։
Ինչպես նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենը, կայքի մշակման ժամանակ առանձին ուշադրություն է հատկացվել այն հակերային գրոհներից պաշտպանելուն, որոնք, ըստ նրա, անպայման կձեռնարկվեն ադրբեջանական կողմից, քանի որ «այդ կայքով մենք կոտրում ենք ադրբեջանական ագիտացիայի շղթան»։
Կայքը մշակվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:30 23.02.2011