HUAWEI-Ը МТС-ԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 3G ՑԱՆՑԻ ՀԱՄԱՐ
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ խոշորագույն բջջային օպերատոր «Մոբիլնիյե տելեսիստեմի» ԲԲԸ-ն (МТС) ընտրել է Huawei Technologies Co. Ltd.-ին՝ որպես Հայաստանում երրորդ սերնդի (3G) բջջային կապի ցանցի շինարարության համար սարքավորումներ մատակարարող, ասվում է օպերատորի հաղորդագրության մեջ։
Երրորդ սերնդի սարքավորումներ տրամադրելուց զատ Huawei ընկերությունը կանցկացնի նաև ցանցի շինարարության, շահագործման հանձնելու, հանրապետությունում գործող GSM ցանցի հետ 3G ցանցի ինտեգրման հետ կապված բոլոր համալիր աշխատանքները, ինչպես նաև կկազմակերպի 3G ցանցի շահագործման տեխնիկական սատարումն ու փորձի փոխանակում կանցկացնի МТС-ի մասնագետների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հայաստանում МТС-ի 3G ցանցի կոմերցիոն մեկնարկը նախատեսվում է 2009 թ.-ի գարնանը։ 3G ցանցի նախնական հատվածները կծավալվեն Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում։
Հայաստանում կկառուցվի 2G/3G համատեղ ցանց՝ բազային կայանների համար նախատեսված առկա հարթակների գործածմամբ՝ առանց GSM ցանցի գործունեության դադարեցման կամ էական վերադասավորման։
Ղ-Տելեկոմ ընկերությունը (ապրանքանիշը "Vivacell-МТС") Հայաստանում МТС-ի դուստր ձեռնարկությունն է, որը 2007 թ.-ի հոկտեմբերին 3G-ի համար հաճախականություններ է ստացել։ Մինչև 2017 թ.-ը հատկացված հաճախականությունները թույլ կտան Հայաստանում UMTS ստանդարտի ցանց ծավալել և բաժանորդներին չափազանց արագ բջջային ծառայությունների լիակատար սպեկտր տրամադրել՝ ներառյալ հանրապետության ողջ տարածքում տվյալների լայնաշերտ փոխանցման ծառայությունները։
Հայաստանը Ռուսաստանից և Ուզբեկստանից հետո ԱՊՀ երրորդ երկիրն էր, որտեղ МТС-ը երրորդ սերնդի ցանց ծավալելու հնարավորություն ստացավ։ --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
21:40 19.01.2009