TIME հեղինակավոր ամսագրի կողմից առաջին հայկական ռոբոտը` Ռոբինը ճանաչվել է 2021թ.–ի լավագույն նորարարություններից մեկը
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. TIME հեղինակավոր ամսագրի կողմից առաջին հայկական ռոբոտը` Ռոբինը ճանաչվել է 2021թ.–ի լավագույն նորարարություններից մեկը։
Ռոբինն աշխատում է արհեստական բանականությամբ։
TIME ամսագրի հերթական համարը նվիրված է 2021թ.–ի 100 լավագույն նորարրություններին, և Ռոբին ռոբոտին հոդվածում անվանել են «հոգատար ընկեր»։
TIME–ը ներկայացնում է հայկական կլինիկաներից մեկի պատմությունը, երբ թոքաբորբով հիվանդ 8–ամյա աղջիկը երկու օր շարունակ հրաժարվում էր ուտել, ինչից հետո անձնակազմը հրավիրել է Ռոբինին։ 20 րոպե նրանք միասին խաղացել են, քննարկել սիրելի կենդանիներին, ինչից հետո Ռոբինը գնացել է` խոստանալով վերադառնալ միայն մեկ պայմանով, եթե փոքրիկը հաց ուտի։ Եվ աղջնակը կերել է։
TIME–ը մեջբերում է ռոբոտի ստեղծող Կարեն Խաչիկյանի խոսքերը, ով նշում է, որ թիմի նպատակն էր ոչ թե ստեղծել ևս մեկ տեխնոլոգիական սարք, այլ հուսալի ընկեր երեխաների համար։ Հոդվածում նշվում է, որ ռոբոտ Ռոբինն օգտագործվում է աշխարհի 12 բժշկական հաստատություններում, և առաջիկա մեկ տարում նախատեսվում է այն ներդնել ԱՄՆ–ի ևս 100 հաստատություններում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
23:05 10.11.2021