Գեղարքունիքում ընտանիքը վագոն-տնակից տեղափոխվել է հարմարավետ բնակարան ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում ընտանիքը վագոն-տնակից տեղափոխվել է հարմարավետ բնակարան, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
1988-ի ավերիչ երկրաշարժը հսկայական ազդեցություն ունեցավ ոչ միայն դրանից անմիջականորեն տուժած, այլև` աղետից շատ ավելի ուշ ծնված սերնդի վրա. վագոն-տնակները երկրաշարժից հետո կացարան դարձան բոլոր այն ընտանիքների համար, որոնք բնակարանի կարիք ունեին թե՛ աղետի գոտում, թե՛ Հայաստանի տարբեր մարզերում:
Ընկերության հաղորդմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն ուղղված է դժվար պայմաններում հայտնված մեր հայրենակիցների կեցության պայմանների բարելավմանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում լուծվել է 135 ընտանիքի բնակարանային խնդիրը:
Համագործակցող կողմերի ղեկավարները հերթական շրջայցով եղել են Գեղարքունիքի մարզում, որտեղ ծրագրի շրջանակում 2016թ.-ի ընթացքում աջակցություն է ստացել երեք ընտանիք: Նրանցից երկուսը վերանորոգել են բնակարանը, իսկ մեկն ավարտել է կիսակառույց տան շինարարությունը:
Վարսեր համայնքում բնակվող Ստեփանյանների ընտանիքը նախ բնակվել է ընտանիքի հոր՝ Վալտերի հայրական տանը, 12 անձով փոքր բնակարանում, ապա տեղափոխվել է վագոն-տնակ:
Ընտանիքի հոր` Վալտերի խոսքով, վագոն-տնակում նրանք բնակվել են 17 տարի:
«Հայրական տունը շատ փոքր էր: Տեղափոխվեցինք վագոն-տնակ. ուրիշ ճար չունեինք: Երեք երեխաներս երկաթյա պատերի ներսում են մեծացել ու, կարելի է ասել՝ մանկություն չեն տեսել: Անցած գարնանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ, վերսկսեցինք մեր նոր տան շինարարությունը, որը սկսել էինք տարիներ առաջ ու ոչ մի կերպ չէինք կարողանում ավարտին հասցնել: Անսահման երախտապարտ ու երջանիկ ենք», - ասել է նա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով, հաճախ, երբ մարդիկ խոսում են թվերի լեզվով, կենտրոնանում են հատկապես ցուցանիշների վրա, մինչդեռ կա ավելի կարևոր, նուրբ հարց. հարկավոր է հիշել, որ այդ թվերի հետևում մարդկային կյանք կա:
«Տասնյոթ տարին մի ամբողջ պատանեկության շրջան է: Այս ընտանիքի երեխաներն այն ապրել են վագոն-տնակում: Նրանց անհոգ ու լուսավոր երազանքները փոխարինվել են ծնողների հոգսը ժամանակից շուտ զգալու գիտակցությամբ: Ապրած տարիները վերադարձնել հնարավոր չէ, բայց հետագա կյանքն այս ընտանիքի համար փոխվելու է: Ուզում եմ հավատալ, որ հարմարավետ պայմանները կստիպեն, որ դժվար հիշողությունները անցյալում մնան»,- ասել է նա:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանի խոսքով, վագոն-տնակների առկայությունը մեր համայնքներում, խոսում է այն մասին, որ դեռ շատ գործ կա անելու և, որ մեր հայրենակիցներից շատերը զրկված են կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից:
«Բնակարանային կարիքը Հայաստանում շատ մեծ է. ուրախ ենք, որ մեր գործընկերոջ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արդյունքում հնարավոր է լինում լուծել խնդրի թեկուզև ինչ-որ մասը»,- ասել է նա:
Բնակարանաշինության իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2016թ. ընթացքում կատարել է մոտ 105 մլն. ՀՀ դրամի, իսկ հինգ տարվա ընթացքում՝ ավելի քան 333 մլն. ՀՀ դրամի ներդրում:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:45 12.04.2017