Ռոստելեկոմի անձնակազմը, ՍՕԱՐ Հայաստանի հետ համատեղ, մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացրեցին Խարբերդի մանկատան այգում
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախօրեին «Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով, Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության՝ «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրեց բարեկարգման աշխատանքներ։
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, աշխտանքներին մասնակցում էին Ռոստելեկոմի, ՍՕԱՐ Հայաստանի և մանկատան աշխատակիցները։
Մասնավորապես, աշխատակիցների ջանքերով մաքրվեցին և ներկվեցին տարածքի փայտյա և երկաթյա ծածկույթները, տրամադրված նյութերով հետագայում նաև կմշակվեն ու կերեսապատվեն տարածքի լողավազաններն ու այլ տարածքներ։
Տարածքը ծառայում է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների համար որպես զբոսանքի, վարժանքների ու հանգստի վայր, ուր տարվա տաք եղանակին շատ ժամանակ են անցկացնում։
«Համատեղ իրականացված աշխատանքը նպատակ ուներ բակն ու այգին նրանց համար դարձնելու առավել գրավիչ ու հաճելի, իսկ լողավազանների բարեկարգումը՝ առավել օգտակար», - նշվում է հաղորդագրության մեջ։
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը գործում է 1950թ.-ից։ Ներկայումս մանկատանը ապրում են 6-18 տարեկան 222 ֆիզիկական և մտավոր հատուկ կարիքներ ունեցող երեխա։
Մանկատունը իրականացնում է երեխաների շուրջօրյա խնամքը, մատուցում է կրթադաստիարակչական, սոցիալ-առողջապահական և վերականգնողական ծառայություններ, կազմակերպում է սննդի, երեխաների ամառային, ձմեռային հանգիստը, ինչպես նաև ապահովում է 18 տարին լրացած սաների մասնագիտացված այլ հաստատություններ տեղափոխումը։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։
Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:28 21.04.2017