Beeline-ն Արագածոնտի մարզում «Երեխաների զարգացման անկյուններ» է բացել
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 1 մանկապարտեզում և Շենավան համայնքի միջնակարգ դպրոցում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Երեխաների զարգացման անկյունները բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում: Բացված կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր։
Ծրագրի շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն:
«Կրթվելու և զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, սակայն մենք պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք հատուկ կարիքներով երեխաների հանդեպ։ Համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը և ներառական կրթության որակի բարձրացումն առանցքային նշանակություն ունեն նրանց մտավոր ներուժի զարգացման գործընթացում»,– նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն իր հերթին նշել է, որ ներառական կրթության ներդրման այս փուլում անելիքները բազմազան են և դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում:
«Հատկանշական է, որ մեր գործընկեր Beeline–ը կարևորում է նման ծրագրերի նախաձեռնումը և խթանում մարզերում հատուկ կարիք ուենցող երեխաների ներառման գործընթացին», – ընդգծել է Սիմոնյանը։
Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ 2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ–թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամի վստահության գծի կազմակերպման համար տրամադրվել է 0–8000–1007 հեռախոսահամարը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:52 25.11.2015