Beeline–ը գործարկում է «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline), Մանկական զարգացման հիմնադրամը և PicsArt-ն այսօր գործարկել են «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» համատեղ ծրագիրը, հայտնում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի համայնքների զարգացմանը՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաները: Ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարելու են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերելու են այդ խնդիրների լուծումները: Նկարները տարածվելու են սոցիալական ցանցերում՝ համապատասխան հեշթեգերով, որից հետո կազմակերպվելու է նկարների ցուցահանդես:
Ծրագրում ընդգրկված են Մանկական զարգացման հիմնադրամի գործընկեր հինգ համայնքները, որտեղ նախորդ ծրագրի ընթացքում արդեն իսկ ձևավորվել են 14-17 տարեկան պատանիների խմբեր:
«Beeline-ի համար այս ծրագիրն արժեքավոր է մի քանի պատճառով։ Նախ, որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն՝ մենք ամեն կերպ խրախուսում ենք երիտասարդության շրջանում թվային տեխնոլոգիաների տարածումը։ Բացի այդ, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ մենք ուրախ ենք, որ նոր սերունդն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաները մեր երկրում կյանքն ավելի լավը դարձնելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն իր հերթին նշեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը։ «Այսօր երիտասարդներին նոր տեխնոլոգիաներ օգտագործելու հմտություններով զինելը շատ արդիական է, իսկ Հայաստանի համայնքների երիտասարդների ներգրավվումը համայնքային խնդիրները լուծելու նոր հորիզոններ կբացի: Յուրաքանչյուր նոր ծրագիր հնարավորություն է ընձեռում կատարելագործել երեխաներին ու նրանց հաղորդակից դարձնել նորանոր զարգացումներին. խիստ կարևոր է, որ առաջընթացի կրողները հենց երեխաները լինեն: Իսկ մեզ մնում է լինել նրանց կողքին և օգնել քայլել աշխարհի զարգացումներին համընթաց, չէ՞ որ Հայաստանն այս լուսավոր, սուր մտքով ու վաղվա օրվա հանդեպ հավատով լցված մարդկանց երկիրն է», - հավելեց նա։
Ընկերությունից հայտնում են, որ ծրագրի արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտություններն, այլև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունը հրավիրել համայնքում առկա խնդիրների վրա: Ծրագրին իր աջակցությունն է ցուցաբերել նաև «Թի-Էս-Դի» ընկերության հայաստանյան գրասենյակը:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:29 02.10.2017