Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի հեքըթոնը
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկեց Beeline Հայաստանի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հեռահաղորդակցության հեքըթոն» մրցույթի նպատակն է խրախուսել ստեղծագործ երիտասարդներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները և առաջարկել թվային ու նորարար լուծումներ։
«Որպես հեքըթոնի հիմնական ուղղություն ընտրվել է Big Data-ի օգտագործումը՝ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրների համար տարբեր լուծումներ մշակելու համար։ Դիմում-հայտ ներկայացրած 40-ից ավել թիմերից ընտրվել են 25-ը, որոնք մրցույթի 24 ժամվա ընթացքում կմշակեն լուծումների փորձնական տարբերակներ և կներկայացնեն մասնագետների դատին։ Մրցույթի ժյուրին կընտրի լավագույն երկու մշակումները՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 24 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը և կիրառելիությունը», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
«Աշխատելով հեռահաղորդակցության ասպարեզում՝ մենք խիստ շահագրգռված ենք մեր ոլորտին վերաբերող նորարար լուծումներով։ Դրանք օգնում են մեզ մատուցել ժամանակակից, հետաքրքիր և բաժանորդների համար օգտակար ծառայություններ։ Իհարկե, դա մեկ օրվա գործ չէ, և նորարար լուծումների ուղղությամբ մեր ընկերությունում մշտական աշխատանք է տարվում։ Ուստի, այսօր ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ և տեսնել այսքան երիտասարդների, ովքեր հետաքրքրված են նորարար տեխնոլոգիաներով և ունեն նոր գաղափարներ։ Հենց նման մոտեցումն ենք մենք ձգտում խրախուսել երիտասարդության մեջ և վստահ ենք, որ դա կարող է փոխել կյանքը մեր երկրում դեպի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ներկայացված գաղափարները հետաքրքիր են և բավականին նորարար։ Հեռահաղորդակցության ոլորտը մեծ զարգացում է ապրել, և ներկայումս օպերատորները ոչ միայն հեռախոսային կապ ապահովողներ են, այլ ինտերնետ կապի միջոցով այլ ծառայություններ մատուցողներ։ Օպերատորների ունեցած հսկայական տվյալների բազաների հետ ճիշտ աշխատանքի և նորարար լուծումների կիրառման արդյունքում կարող են ստեղծվել նորարար, կիրառելի և եկամտաբեր պրոդուկտներ։ Big Data-ի կիրառմամբ լուծումների մշակումը տրենդային է ՏՏ ոլորտում, և հայ ծրագրավորողները մեծապես հետաքրքրված են այս ուղղությամբ։ Միանշանակ կարող եմ ասել, որ big data-ով ցանկացած լուծում կիրառելի կարող է լինել հեռահաղորդակցության ցանկացած օպերատորի կողմից, ցանկացած երկրում», - ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Հեռահաղորդակցության ոլորտին նվիրված այս միջոցառումը անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Այս տարի հատկապես մեծ էր հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ և էականորեն բարձր է մասնակցող թիմերի կողմից ներկայացրած գաղափարների որակը։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վեոն» ընկերությունների խմբի մի մասն է, որը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է։ Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղըզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:55 20.10.2017