Beeline–ն ու Microsoft–ը հայալեզու վիդեո դասընթացներ և բջջային հեռախոսների համար կրթական հավելված են թողարկել

Beeline–ն ու Microsoft–ը հայալեզու վիդեո դասընթացներ և բջջային հեռախոսների համար կրթական հավելված են թողարկել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) ու  Microsoft–ը հայտարարում են հայալեզու վիդեո դասընթացների պատրաստման, ինչպես նաև բջջային հեռախոսների համար նախատեսված կրթական անվճար հավելվածի ստեղծման մասին։

««ԱրմենՏել» ընկերությունն ավանդաբար մեծ նշանակություն է տալիս կոնտենտի, հատկապես հայալեզու կոնտենտի զարգացմանը։ Եվ մեզ հատկապես հաճելի է այսօր խոսել բջջային հավելվածի գործարկման մասին, որը մեր գործընկեր Microsoft–ի հետ ստեղծվել է հատուկ հայոց լեզվի դասընթացների համար», – ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Նա վստահություն է հայտնել, որ այն ջանքերը, որոնք գործադրում է Beeline–ն իր գործընկերների հետ համատեղ, միանշանակ կգնահատվեն, և հետագայում նմանատիպ նախագծերը կշարունակվեն։

Հայաստանում Microsoft–ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքերով` կրթական բջջային հավելվածի ստեղծման գաղափարի շուրջ միավորման հարցում Beeline հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի ամիս առաջ, և այդ ընթացքում հաջողվել է կյանքի կոչել նախագծեր, որոնք կոչված են ավելի մատչելի դարձնելու միջնակարգ դպրոցների կրթական ծրագիրը։

«Միջնակարգ դպրոցների ողջ կրթական ծրագիրը որոշել ենք ներկայացնել կարճ տեսադասընթացների տեսքով` երկրի լավագույն ուսուցիչների մասնակցությամբ», – ասել է Բարսեղյանը ծրագիրը ներկայացնելիս։

Ըստ Բարսեղյանի`դասընթացների տեսանյութերը, որոնց միջին տևողությունը մոտ 15 րոպե է, դպրոցականներին հնարավորություն են տալիս ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կրկնել դպրոցական ծրագիրը տրանսպորտում, տանը կամ մեկ այլ հարմար վայրում, ինչպես նաև այդ տեսանյութերը կարող են հետաքրքրել այն մարդկանց, ովքեր կցանկանային կրկնել դպրոցական ծրագրի որոշ դասընթացներ։

«Սա շատ կարևոր նախագիծ է նաև աշխարհասփյուռ հայության համար, քանի որ այն հնարավորություն կտա կրթել երեխաներին Հայաստանի պետական կրթական ծրագրով», – նշել է Microsoft–ի հայկական ներկայացուցչության ղեկավարը։

Այս փուլում ծրագիրը ներառում է հայ գրականության 7–8–րդ դասարանի դասընթացներ, հայոց լեզվի քերականությունը, ինչպես նաև Microsoft–ի ուսումնական ծրագրերի մեծ ծավալ։

Բարսեղյանը նշել է, որ աշխատանքները կշարունակվեն, և առարկաների ցանկն աստիճանաբար կընդլայնվի։ «Մենք հուսով ենք, որ ծրագրին ուղղված մեր աշխատանքը «անվերջ» կլինի, քանի որ կրթական ծրագիրը մշտապես արդիականացվում է, և մենք կփորձենք համապատասխանել դրան», – նշել է նա։

Բարսեղյանը պարզաբանել է, որ ուսումնական նյութերի հավելվածներն այսօրվանից հասանելի են Microsoft–ի www.mlg.am կայքում, որտեղ դրանք կարելի է անվճար դիտել, ներբեռնել կամ ավելացնել «Ընտրվածներ» հատվածում` հետագայում նայելու համար։ Իսկ բջջային հավելվածը հասանելի կլինի հաջորդ ամսվա կեսից, այն կաշխատի Windows Phone օպերացիոն համակարգով գործող հեռախոսներում։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե հավելվածների ինչ խանութներում կարելի է ձեռք բերել այս ծրագիրը, Բարսեղյանը նշել է, որ հավելվածը դեռ հասանելի է միայն Microsoft–ի պլատֆորմի վրա, ընդ որում ոչ միայն հեռախոսներում, սակայն շուտով այն հասանելի կլինի նաև Windows 8 օպերացիոն համակարգի համար։

«Քանի որ մենք արդեն նշեցինք, որ սա բաց ռեսուրս է, ապա ցանկացած ծրագրավորող հեշտությամբ կարող է հավելված ստեղծել ցանկացած բջջային պլատֆորմի համար։ Սա մրցակցության հարց չէ, այն սոցիալական պատասխանատվության ծրագիր է», – ասել է Microsoft–ի հայկական գրասենյակի ղեկավարը` ավելացնելով, որ իրենք բաց են համագործակցության համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ` լինեն դա անհատներ, թե ընկերություններ։

Բոլոր նյութերը համապատասխանում են պաշտոնական հանրակրթական ուսումնական պլանին և պատրաստված են հայկական դպրոցների լավագույն մանկավարժների հետ համագործակցությամբ։

Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրած համաձայնագրի շրջանակում, որի համաձայն` Microsoft-ը Հայաստանում իրականացնում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում են նաև Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի բացումը:

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։--0--

17:12 21.03.2014





 

« Նոյեմբեր 2017

Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×