Beeline-ը և ԵՊՀ–ն համագործակցության հուշագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) և Երևանի պետական համալսարանը չորեքշաբթի գործակցության հուշագիր են ստորագրել, հայտնում է հեռահաղորդակցային ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, փաստաթուղթը ստորագրել են «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Հուշագրի ստորագրմամբ մեկնարկեց Հայաստանում Beeline-ի մասնակցությունը Համալսարանի «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ - ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» ծրագրին:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ձեռք բերել կարիերայի կառուցմանը վերաբերող պրակտիկ հմտություններ, միմյանց ներկայացնել երիտասարդ մասնագետներին և գործատուներին և խթանել սոցիալական ակտիվությունը և լիդերությունը:
Պաշտոնական արարողության ավարտից հետո Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ուսանողների համար վարեց վարպետաց դաս «Հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը» թեմայով, իսկ Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը ներկայացրեց Ընկերության ռազմավարական արժեքները, տեսլականն ու այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են ուսանողներին աշխատանքի անցնելու և կարիերա զարգացնելու համար:
«Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում երիտասարդներն առանցքային տեղ են զբաղեցնում: Նման ծրագրերի իրականացման շնորհիվ մենք աջակցում ենք կրթական ոլորտի զարգացմանը և փորձում օգնել երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Ես լիովին վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կօգնենք Երևանի Պետական Համալսարանի ուսանողներին կատարելու առաջին հաջողված կարիերայի քայլերը դեպի պայծառ ապագա տանող ճանապարհին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանն իր հերթին նշեց, որ Beeline-ը, աշխատելով ամենա արագ զարգացող ոլորտում, միշտ պատրաստ է համալրել իր աշխատակիցների շարքերը տաղանդավոր և նպատակասլաց երիտասարդներով:
Ընկերության մամուլի ծառայությունից նշում են, որ ծրագրի արդյունքում որոշ համալսարանականներ, մասնակցելով մրցույթ- ընտրությանը, հնարավորություն կստանան աշխատանքի անցնելու Beeline-ում:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:05 29.03.2017