Երևանում մարվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային նվիրված նամականիշերը
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայփոստ» ՓԲԸ-ն մարեց երեք նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային:
Ինչպես հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը, փոստային նամականիշերը մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում։
Երևանում անցկացվում է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։ Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։
Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, 350 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, իսկ 350 և 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու փոստային նամականիշերի հետ՝ 10000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով իրականացվող նախագծերին:
Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Նամականիշերի դիզայնի հեղինակներ են` «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Վահե Մուրադյանը:
Հայտնում են նաև, որ նամականիշերի մարումն իրականացրին ՀՀ պաշտպանության նախարար, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:06 19.09.2017