Հոբելյանական «DigiTec» Երևանում. պաշտպանություն, զբոսաշրջություն, արհեստական ինտելեկտ և Համահայկական ցանց
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի, /ԱՌԿԱ/. DigiTec-2017» հոբելյանական 10-րդ գործարար-համաժողովը կանցկացվի Երևանում հունիսի 9-10-ը։
Համաժողովի կարգախոսն է` «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»: Այս մասին չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Ալեքսանդր Եսայանը։
Նրա խոսքով, գործարար համաժողովի նպատակն է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ներմուծումը:
«Բացի ՏՏ ոլորտի արդեն ավանդական դարձած արդիական ուղղություններից, համաժողովի ընթացքում կքննարկվեն Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) նախապատրաստական հարցերը: Համաժողովը կանցկացվի 2019 թ-ին` Հայաստանում, այդ թվում կիրականացվի համաժողովի բրենդավորում եւ վիզուալազացում»,- ասաց Եսայանը։
Այս առիթով Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահն ու քարտուղարը։
«Հայաստանում WCIT-ի անցկացումը մեծ հնարավորություններ է բացում, քանի որ մեր երկիր կժամանեն ոլորտի շուրջ 200 առաջատար ընկերություն, ինչը հնարավորություն կտա նրանց ներկայացնել հայկական ՏՏ ոլորտի մշակումները, պետենցիալն ու հնարավորությունները»,- նշեց Եսայանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ համաժողովի հիմնական թեմաներն են լինելու պաշտպանությունը, զբոսաշրջությունը, արհեստական ինտելեկտը, Համահայկական ցանցի ստեղծումը և վերականգնվող էներգետիկայի հարցերը:
«Բացի արդեն ավանդական դարձած պաշտպանության ոլորտի և դրանում հայկական ՏՏ մշակումների կիրառման հարցերից, այս տարի նաև կքննարկվեն զբոսաշրջության ոլորտում հայկական ՏՏ լուծումների ներդրման հնարավորության, վիրտուալ առևտրի իրականացման, հյուրանոցների օն-լայն ամրագրման և այլ ծառայությունների մատուցմանը վերաբերող հարցեր»,-նշեց Վարդանյանը:
Նրա խոսքով, համաժողովի մասնակիցները նաև կքննարկեն ՓՄՁ ոլորտի արդյունավետության բարձարցման հնարավորությունները` ՏՏ լուծումների կիրառման միջոցով:
«Առանձին կքննարկվի արհեստական ինտելեկտի հարցը, քանի որ դա ակտիվ զարգացող շուկաներից մեկն է, և Հայաստանը կարող է որոշակի կշիռ ունենալ այնտեղ: Դրա համար անհրաժեշտ է գնահատել ներուժը, հնարավորությունները, ուղղությունները և առկա ներուժի զարգացման համար անհրաժեշտ պահանջները»,-ասաց Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ «Digitec»-ի ընթացքում նախատեսվում է քննարկել «Haymap» համահայկական ցանցի ստեղծման հարցերը:
Ավանդական դարձած քննարկումների շրջանակում մասնակիցները կքննարկեն նաև վերականգնվող էներգետիկայի և բիզնեսում էներգաարդյունավետության տեխնոլոգիաների հարցերը, առանձին քննարկումներ կանցկացվեն էլեկտրոնային կառավարման հարցերով:
2016 թ-ին «DigiTec» գործարար-համաժողովին մասնակցել են 900-1000 մարդ, իսկ 2017թ-ին կազմակերպիչները ակնկալում են առավել ակտիվ մասնակցություն:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը «DigiTec» համաժողովն անցկացնում է 2008 թ-ից: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:21 24.05.2017