iPod ապրանքանիշի հեղինակ, գյուտարար Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Թոնի Ֆադելն ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: iPod ապրանքանիշի հեղինակ, գյուտարար Թոնի Ֆադելը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանը պատասխանել են լրատվամիջոցների հարցերին:
Թոնի Ֆադելը ՏՀՏ (Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների) հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է տարբեր թեմաների, այդ թվում՝ արհեստական բանականության, տեխնոլոգիաների զարգացման և հանրության ուհաջորդ սերունդների բարեկեցության վրա դրանց թողած ազդեցությանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք բոլոր ոլորտներում ռոբոտների տարածումը սպառնալիք չի ներկայացնում մարդկության համար, Ֆադելն ասել է. «Ես լավատես եմ մարդու և ռոբոտի համագոյակցության հարցում»:
Թոնի Ֆադելի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտը հսկայական է և տեխնոլոգիաները կարող են զգալիորեն խթանել ոլորտի եկամտաբերությունը՝ ի նպաստ աշխարհի տարբեր մասերում գտնվող գյուղատնտեսական համայնքների բարեկեցեւթյան: Ըստ գյուտարարի՝ գյուղատնտեսական տեխնոլոգիաներն այն ոլորտն է, որտեղ նա ցանկանում է ներդրումներ կատարել առաջիկա տարիների ընթացքում:
«iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելն Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը ստանալու նպատակով: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա այսօր՝ ՀՀ Նախագահի նստավայրում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով, և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆադելն ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.) և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, (2014թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.) և«Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը(2016թ.):
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:38 16.11.2017