Python ծրագրավորման լեզվին նվիրված վարպետության դաս Beeline-ում
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Միջազգային ՏՏ փորձագետ Միխայիլ Կաշկինը Երևանում վարպետության դաս է անցկացրել` ներկայացնելով Python-ը՝ ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկը։
Միխայիլ Կաշկինը ծրագրավորման այս լեզվով աշխատում է 16 տարի՝ համագործակցելով Google-ի և Fortune 500 ցուցակում ընդգրկված այլ ԱՄՆ առաջատար ընկերությունների, ինչպես նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Թաիլանդի, Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների հետ։
Beeline-ի մամուլի հաղորդագրության համաձայն `Monitis ընկերության ծրագրավորող Լևոն Եղիազարյանի օգնությամբ նա հայ ծրագրավորողներին ծանոթացրել է Python-ի ստեղծման պատմության, այդ լեզվի հիմնական գործառույթների, կիրառության ոլորտների ու ձևերի հետ։ Բացի Beeline-ի ներկայացուցիչներից, վարպետության դասին մասնակցել են նաև Masys information systems, Ziltech, և Fifth ընկերությունների աշխատակիցները։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այսօր աշխարհում առավել ակտիվ զարգացողներից մեկն է։ Այդ ոլորտի մասնագետների համար շատ կարևոր է քայլել ժամանակին համընթաց, ետ չմնալ նոր միտումներից ու լուծումներից։ Դա կարևոր է ոչ միայն իրենց մասնագիտական առաջընթացի, այլև Հայաստանի ընդհանուր զարգացման համար։ Հենց այս ոլորտին է Beeline-ն առանձնահատուկ ուշադրություն դարձնում, և առաջին հերթին՝ ծրագրավորողների ուսուցման հետ կապված հարցերին։ Վստահ եմ, որ այս վարպետության դասը հայ ծրագրավորողներին կոգեշնչի հասնելու նոր ձեռքբերումների և կօգնի մեր կյանքը փոխել դեպի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Python-ն աշխարհում ծրագրավորման պահանջված լեզուներից մեկն է։ Python-ի հեշտ ընթեռնելիության ու հզորության շնորհիվ` այն լայնորեն կիրառվում է կայքերի, տվյալների վերլուծության և մեքենայական ուսուցման համար։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:58 23.06.2017