Ucom-ի 4G+ ցանցն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. Մարտ ամսվա ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացմաննպատակով Ucom ընկերությունը գործարկել է նոր կայաններ Տավուշի մարզում, ընդ որում այսօր 4G+ ցանցը հասանելի է նաև մարզի սահմանամերձ գյուղերում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ավարտին են հասցվել կայանների տեղադրման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները և ապահովվել է դրանց էլեկտրամատակարարումը:
Այս ամենի շնորհիվ Ucom-ի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու ոչ միայն շարժական կապի ավելի որակյալ ձայնային ծառայություններից, այլև անխափան կերպով և առանց ընդհատումների օգտագործելու տարատեսակ OTT ծառայությունների, իսկ մասնավորապես՝ առցանց քարտեզների բոլոր գործառույթները:
«Ucom ընկերությունն այս տարի ևս ներդրումներ է իրականացնում ցանցի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ: Եթե նախորդ տարվա վերջին 4G+ ցանցը հասանելի էր 55 բնակավայրերում, ապա այս ձնառատ ամիսների ընթացքում իրականացված ինտենսիվ աշխատանքներից հետո այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 102 բնակավայր, ներառյալ գյուղական համայնքները և 16 քաղաք: Հարկ է նշել, որ այսօր Ucom-ի 4G+ ցանցն ամենաընդարձակն է Հայաստանի տարածքում և այս տարածումը շարունակական է լինելու: Համաշխարհային փորձից հայտնի է, որ երկրի տնտեսական աճն ուղիղ կապ ունի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017 թվականին` ընդգրկելով Հայաստանի տարածքի 85%-ը և իր բաժանորդներին պարբերական կերպով կզեկուցի կատարված աշխատանքների մասին:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:42 20.03.2017