Ucom–ը և «Ֆորա-Բանկը» կգործակցեն հեռահաղորդակցության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը և «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» բաժնետիրական առևտրային բանկը («Տաշիր» ընկերությունների մաս է) գործակցության համաձայնագիր են ստորագրել հեռահաղորդակցական ծառայությունների ամբողջական սպեկտորը ներկայացնող նախագծերի շուրջ, որոնք ներառում են Հայաստանի ողջ տարածքը, այդ թվում՝ դրա առավել հեռավոր շրջանները, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։
Համաձայնագրով սահմանվում է ներդրումային ծրագրի իրականացումը, որը թույլ կտա երկրում ընդլայնել 4Play առաջարկներն ու 4G+ ցանցը:
Ucom ընկերությունը շարունակում է իր ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացումը, ինչի համատեքստում ներդրում կատարելու համաձայնություն է ձեռք բերվել «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» բաժնետիրական առևտրային բանկի հետ («Տաշիր» ընկերությունների խումբ)։
Ազգային կապիտալով գործունեություն ծավալող երկու խոշորագույն ընկերություններում համոզված են, որ այս գործացկության արդյունքում Հայաստանի տնտեսության համար կապահովվի զարգացման դրական դինամիկա: Ներդրումային ծրագրի իրականացումը թույլ կտա ստեղծել նոր և բացառիկ մեդիա արտադրանք և ներկայացնել այն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի սպառողների ուշադրությանը:
Ապագա պլաններում է նաև գործունեության աշխարհագրական ընդլայնումը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում, ինչը Ucom ընկերությանը թույլ կտա դառնալ առաջատար համահայկական հեռահաղորդակցության օպերատոր: Գործարքի մանրամասները դեռևս մշակման փուլում են ու կհրապարակվեն դրա վերջնականացման գործընթացի ավարտին:
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0
«Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ. Ռուսաստանում, գործում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության 25 քաղաքներում` ներառելով երկու երկրի տնտեսությունների առանցքային ոլորտները: Ընկերությունը միավորում է 200-ից ավելի ընկերություններ և առաջատար է Ռուսաստանի զարգացման ոլորտում, որտեղ էլ կենտրոնացած են խմբի հիմնական ակտիվները:
«ՖՈՐԱ-ԲԱՆԿ»-ը ժամանակակից ունիվերսալ ֆինանսավարկային կազմակերպություն է, որն ավելի քան 25 տարի բոլոր տեսակի կորպորատիվ հաճախորդներին, անհատ ձեռնարկատերերին և մասնավոր անձանց առաջարկում է ժամանակակից բանկային ապրանքների և ծառայությունների լայն շրջանակ: 2002 թ. հունվարին ԲԱԲ «ՖՈՐԱ-ԲԱՆԿ»-ը դարձավ բազմապրոֆիլային «Տաշիր» խմբի մաս:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:34 19.04.2017