Ucom-ը կհամագործակցի Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերության և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ղեկավարները հունվարի 18–ին համագործակցության հուշագիր ստորագրեցին, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։
Համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվեցին, որ մարզում միակ պետական դրամատիկական թատրոնի 4 առանձին բաժանորդագրերի մեջ ներառված երեք ներկայացումներից մեկի գումարը կվճարի Ucom ընկերությունը:
Ավելին՝ իր 151-րդ թատերական տարվա սկիզբն ազդարարած թատրոնի բաժանորդագրերում այսուհետ կներառվեն նաև պրեմիերաները, ինչը նախկինում չի կիրառվել:
«Ucom ընկերության օժանդակության շնորհիվ թատրոնը ոչ միայն կօգտվի մեր ընկերության կողմից առաջարկվող ինտերնետային և հեռախոսային կապից, այլև իր՝ տարեկան 30-35 հազար կազմող հանդիսատեսի շարքում կկարողանա ընդգրկել նաև սոցիալապես խոցելի խմբերին», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Այս համագործակցությունը իրապես կարևոր է մեզ համար, քանզի Ucom ընկերության ներկայությունը թատրոնում հնարավորություն կտա էապես ավելացնել հանդիսատեսի թվաքանակը: Թատրոնի կարևորագույն խնդիրներից է գտնել ճանապարհներ սոցիալական խոցելի խավին մասնակիցը դարձնել մշակութային իրադարձություններին: Գյումրու դրամատիկականի և Ucom-ի կանաչ ճանապարհի մեկնարկը տրված է, և վստահ ենք, որ դեռ երկար ճանապարհ կանցնենք միասին», - ասել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
Այսպիսով, Գյումրու Մայր թատրոնն իր 130-հոգանոց անձնակազմի անունից հրավիրում է վայելելու ինչպես անվանի վարպետների, այնպես էլ երիտասարդ դերասանների խաղը:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:27 18.01.2017