Հայկական IT

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2009 թվականին կազմել է մոտ 1,1 տոկոս, ասվում է «Ձեռնարկու

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2009 թվականին կազմել է մոտ 1,1 տոկոս, ասվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի 2009 թվականի «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը. ծրագրային ապահովում և ծառայություններ» հետազոտությունում։

Ուսումնասիրության համաձայն՝ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրային ապահովման  և  ծառայությունների  հատվածն արձանագրել  է  լուրջ աճի տեմպեր` ապահովելով 27% տարեկան աճ:

«2009թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնաμաժինը կազմել  է  շուրջ  1.1%,  ինչը  կարող  է  համեմատվել ՏՏ ոլորտի առաջատար Հնդկաստանի հետ, որտեղ այդ թիվը եղել է 1.4% և Գերմանիայի հետ, որտեղ, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներին մեծ տեղ է տրվում և այդ թիվը կազմել է 1.3%»,- ասվում է փաստաթղթում։

Զեկույցի հեղինակների համաձայն` վերջին տարիներին տեղական ՏՏ ոլորտն արձանագրել է արտասահմանյան ներդրողների  խոշոր  ներհոսք,  որոնք  մուտք  են  գործել  հայկական  շուկա  տեղի բարձրակարգ   երիտասարդ   կադրերի   շնորհիվ:  

Նշվում է, որ ոլորտի   ընդհանուր   թողարկած արտադրանքի շուրջ 55%-ը արտահանվում է ավելի քան 20 երկրներ` ԱՄՆ, Եվրոպա և   ԱՊՀ:  

Այդ   արտադրանքը   հիմնականում   առնչվում   է   հետևյալ   ոլորտներին` ներկառուցված ծրագրային ապահովում և կիսահաղորդիչների նախագծում, ծրագրային  ապահովման  պատվերներ  և  աուտսորսինգ,  ֆինանսական  ծրագրեր, մուլտիմեդիա  նախագծում,  ինտերնետային  ծրագրավորում,  վեբ   ծրագրավորում, տեղեկատվական  համակարգեր և համակարգերի ինտեգրում: 

«Հայաստանն առանձնանում է լուրջ նվաճումներով հատկապես կիսահաղորդիչների նախագծման ծրագրերի   և   դրան   առնչվող   մտավոր   սեփականության   օբյեկտների   ստեղծման բնագավառում»,- ասվում է հետազոտությունում։

Միաժամանակ միկրոսխեմաների նախագծման ոլորտում մասնագիտացող
արտասահմանյան ընկերությունները հիմնում են գիտահետազոտական կենտրոններ Հայաստանում`   օգտվելով   տեղի   շնորհալի   և   ստեղծագործ   մասնագետների   ու համեմատաբար ցածր աշխատավարձերի առկա առավելություններից:

Որպես Հայաստանի մրցակցային առավելություններ՝ փաստաթղթում նշվում են համաշխարհային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական ներուժ ինֆորմատիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում,
բարձրակարգ և շնորհալի մասնագետներ` տեխնիկական հմտություններով և
անգլերենի իմացությամբ, ՏՏ և հարակից այլ մասնագիտացումներով բուհական հզոր ծրագրեր, էժան աշխատուժ և ցածր գործառնական ծախսեր։

Որոշիչ գործոնների թվում նշվում է նաև պետության կողմից զգալի աջակցությունը ոլորտին և պատրաստակամությունը՝ բարելավելու ներդրումային դաշտը, ՏՏ ոլորտի կայուն և շարունակական աճը, ուժեղ և հաջողակ սփյուռքի ներկայությունը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, խոշոր  տրանսազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձը, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված օրենքներն ու նորմատիվային ակտերը:

2008 թվականի արդյունքներով՝ ՏՏ հատվածի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում կազմել է 1,2 տոկոս։

«Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը. ծրագրային ապահովում և ծառայություններ» հետազոտությունը հիմնված է 2008 թվականի հուլիս-սեպտեմբերի և 2009 թվականի հոկտեմբեր-նոյեմբերի ընթացքում EIF կողմից անցկացրած հարցումների վրա և անդրադառնում է գործարար և իրավական դաշտերին, կրթությանը, կադրերին, կառավարման փորձագետների առկայությանը, մարքետինգային ձևերին, արտադրության մշակմանը։ -0-

08/02/2010 18:53