«Հետք». ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Հետքը» («Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) իրականացրել է հետաքննություն՝ պարզելով, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ ստացել են պետական աջակցություն, դադարեցրել են իրենց գործունեությունը կամ արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել այն՝ ֆինանսական աջակցություն ստանալիս:
Հրապարակման մեջ նշվում է, որ կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։
Որոշման նպատակն էր օգնել ՏՏ ոլորտի ընկերություններին հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին դրամի արժևորման ֆոնին արժեզրկված դոլարի արդյունքում։
Հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի տրամադրել պետական աջակցություն ստացած ընկերությունների ցուցակը, և «Հետքը» դատական հայց է ներկայացրել նախարարության դեմ, ինչպես նաև կարողացել է պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները:
Հրատարակությունը գրել է աջակցության չափերի և ընկերությունների մասին:
«Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ պարզել ենք, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։ Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Ստացվում է՝ ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ընկերությունների, որոնք արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել իրենց գործունեությունը», - նշվում է հրապարակման մեջ:
Հոդվածի հեղինակները նաև նշում են, որ 18 ընկերությունները միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 190 մլն դրամ։ Ընկերություններից 8-ը պատկանում է օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների։
«Հետքը» ԲՏԱ նախարարությանը խնդրել է պարզաբանել, թե ինչու են դրամաշնորհային պայմանագրեր կնքել գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ընկերությունների հետ և արդյոք որոշման ընդունումից առաջ կանխատեսել էին ռիսկերը, որ հնարավոր է՝ որոշ ընկերություններ լուծարման գործընթաց սկսեն կամ դադարեցնեն գործունեությունը։
Նախարարության պարզաբանումը կհրապարակվի ստանալուն պես։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
23:21 14.11.2023