МТС-ի հայկական դուստր ընկերության բաժնետոմսերը փոխանցվել են կիպրական ընկերությանը․ 7 ամիս առաջ նմանատիպ գործարքը մերժվել էր
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 15–ի նիստի ժամանակ հավանություն է տվել MTS Armenia (ապրանքանիշը՝ Viva-MTS, ռուսական МТС–ի դուստրը) ընկերության վերահսկողությունը Fedilco Group Limited կիպրական ընկերությանը հանձնելուն։ Հիմա հայկական օպերատորի 100% բաժնետոմսերի սեփականատերը Aramayo Investments Limited–ն է (գրանցված է Կիպրոսում, ներառված է МТС խմբում)։
Այսպիսով, ինչպես հայտարարեց հարցի զեկուցող, ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը, MTS Armenia–ն դադարում է լինել МТС ռուսական խմբի մասնակիցը։ Նրա խոսքով, գործարքի փաստաթղթերը նախօրոք ներկայացվել են ԱԱԾ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, գերատեսչություններն առարկություններ չունեն, և ՀԾԿՀ–ն բացասական որոշման հիմքեր չունի։
«Կան որոշ տարբերություններ այն փաստաթղթերի հետ, որոնք քննարկվել են այս տարվա ապրիլին», – ասաց Ուլիխանյանը՝ չկոնկրետացնելով, թե ինչի մասին է խոսքը։
Այս տարվա ապրիլին ՀԾԿՀ–ն մերժել էր նմանատիպ գործարքը։ Այդ ժամանակ Fedilco Group Limited–ին MTS-Armenia–ի բաժնետոմսերի փոխանցմանը դեմ էին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (օրենքը նախատեսում է նմանատիպ տարբերակ, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀԾԿՀ–ի պահանջներին կամ առկա է սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը կամ պետական շահերին)։
MTS Armenia-ի մասին
MTS Armenia–ն (ապրանքանիշը՝ Viva-MTS, ռուսական МТС–ի դուստր օպերատոր) առաջատարներից է նորարարությունների ոլորտում և օգտագործում է ոլորտային բոլոր լուծումները։
МТС–ը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կապի խոշորագույն օպերատորն է։ Դուստր ընկերությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է շուրջ 88մլն բաժանորդ Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:33 15.11.2023