ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԵՐԵՎԱՆԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ԵՎ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մինչև տարեվերջ մայրաքաղաքում կգործեն Երևանի էլեկտրոնային քարտեզը և հսկողության փողոցային տեսախցիկները, չորեքշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
«Երևանի առավել մարդաշատ վայրերում ծրագրվում է հսկողության տեսախցիկներ տեղադրել, արդեն անցկացվել է համապատասխան մրցույթը, շուտով կընտրվի հաղթողը և ծրագիրը կեզրափակվի այս տարի»,- ասաց Օսիկսյանը:
Ինչ վերաբերում է կառավարման օպերատիվ կենտրոնի ձևավորմանը, ապա, ինչպես նշեց ոստիկանության պետի տեղակալը, տեխնիկական առաջարկը պատրաստ է և մի շարք դոնոր կազմակերպությունների դիտարկմանն է ներկայացված: Միաժամանակ նա նշեց, որ առաջիկա 3-4 ամիսների ընթացքում աջակցության բացակայության դեպքում, նախագիծը կիրականացվի սեփական միջոցներով:
Ըստ նրա, ծրագրի շրջանակներում նաև ծրագրվում է ստեղծել Երևանի էլեկտրոնային քարտեզը, որի վրա GPS կապի միջոցով տեսանելի կլինի պարեկային մեքենաների գտնվելու վայրը և կախված աշխարհագրական դիրքից՝ ցանկացած ահազանգի դեպքում առավել մոտիկ գտնվող պարեկային մեքենան կուղարկվի:
«Նման համակարգն ընդունված է և վաղուց գործում է տարբեր երկրներում, սակայն համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով Հայաստանում այն չի գործել: Դրա ներմուծումը թույլ կտա նաև բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը»,- ասաց Օսիկյանը:
Ծրագրվում է, որ արտաքին հսկողության առաջին տեսախցիկները կտեղադրվեն մայրաքաղաքի հատկապես մարդաշատ տասը վայրերում՝ Ազատության Հրապարակում, Մատենադարանի մոտ, Հանրապետության Հրապարակում, Մաշտոցի պողոտայում, Գարեգին Նժդեհի հրապարակում, և այլ վայրերում, որտեղ հաճախ են հասարակական միջոցառումներ անցկացվում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
01:34 28.04.2011