ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՏՏ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-9-Ը
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հնդկաստանի Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտն աշխատանքային այցով կժամանի Հայաստան նոյեմբերի 6-9-ը, հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, երկուշաբթի կկայանա Պիլոտի հանդիպումը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ:
Հանդիպումից հետո նախարարները կարճ զրույց կունենան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ՏՏ ոլորտում հայ-հնդկական համագործակցության շուրջ:
Ավելի վաղ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից /ՁԻՀ/ (Enterprise Incubator Foundation - EIF) հայտնել էին, որ Պիլոտը երկուշաբթի կմասնակցի Հայ-հնդկական ՏՏ գերազանցության կենտրոնի պաշտոնական բացմանը:
Բացման արարողությանը նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը:
Երևանի պետական համալսարանում Տեղեկատվական և հեռահաղորդակցման ոլորտի գերազանցության հայ-հնդկական կրթական կենտրոնի ստեղծման պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2009 թվականին:
Ակնկալվում է, որ կենտրոնը հագեցած կլինի հնդկական արտադրության PARAM գերհամակարգչով (PARAM super-computer, արտադրողականությունը՝ 40 գիգաֆլոպ)՝ ավելի քան 1,5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Կենտրոնը բացվում է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև կնքած հուշագրի շրջանակում: Այն կֆինանսավորվի ինչպես կառավարության կողմից, այնպես էլ համալսարանի միջոցների հաշվին: Կրթական կենտրոնի ողջ սարքավորումը տրամադրում է Հնդկաստանի կառավարությունը:
Համաձայնագրով՝ կենտրոնի արժեքը գնահատվում է 3 մլն դոլար, որից 2 միլիոնը կազմում են հնդկական կողմի ներդրումները, որոնք արդեն իրացվել են սարքավորման տեսքով, մնացած միջոցները տրամադրում է հայկական կողմը:
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ՏՏ ոլորտի երկկողմ համագործակցության խթանման համաձայնագրի նպատակը, մասնավորապես, աշխատատեղերի ստեղծումն է, համաշխարհային մակարդակի ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումը հայկական շուկայում ներդրումների ներգրավման համար: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
00:16 05.11.2011