Երևանում մարվել է նոր նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողության շրջանակներում մայիսի 6-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային: Այս մասին հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետի ներկայությամբ նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի վրա պատկերված են հրշեջներ՝ կրակի դեմ պայքար մղելու պահին, իսկ նամականիշի խորապատկերին ներկայացված է հրշեջ մեքենա: Նամականիշը ձևավորված է գեղարվեստական ոճով՝ կապույտ և դեղին հակադիր գույների համադրությամբ՝ խորհրդանշելով ջրի և կրակի պայքարը:
330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:25 06.05.2019