Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ Ոստիկանական ակադեմիային շուրջ 50 հազար դոլար արժողությամբ համակարգչային սարքավորում է տրամադրել
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը երեքշաբթի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի այցելության ժամանակ ղեկավարությանը մոտ 50 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ լսարանային օգտագործման համակարգչային սարքավորումներ է նվիրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին դեսպանատան մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից նվիրաբերված սարքավորումները նախատեսված են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կրթական և ուսուցողական ռեսուրսների բարելավման համար: Սարքավորումները ներառում են համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ և սկաներներ:
«Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ Կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանը հանցավորության դեմ պայքարի և արդարադատության ասպարեզում»,- նշվում է հաղորդագրության մեջ
Նախկինում ՀՀ ոստիկանությանը տրամադրված աջակցությունը ներառել է Ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգում, ՀՀ ոստիկանության ակադեմիային սարքավորումների նվիրաբերում և համագործակցություն տարածքային համակարգչային ցանցի ստեղծման ընթացքում:
Անցյալում համակարգչային տեխնիկա է նվիրաբերվել ՀՀ ոստիկանության անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժիններին:
Ծրագրի շրջանակներում նաև անցկացվել են վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացներ` անդրազգային հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման նպատակով:
ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:45 21.02.2012