Beeline-ն ու Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկեցին «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Վորլդ Վիժն Հայաստանը Beeline-ի հետ համատեղ հայտարարում են «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի մեկնարկի մասին, հաղորդում է Beeline-ի մամուլի ծառայությունը։
Ծրագիրը կիրականացվի Կապանում, Թալինում և Երևանում:
«Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի նպատակն է բարձրացնել երեխաների ու նրանց ծնողների/խնամակալների` ինտերնետից անվտանգ օգտվելու մասին իրազեկվածության մակարդակը:
Ծրագիրը կտևի 12 ամիս ու կներառի Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերին մասնակցող 7-18 տարեկան 600 երեխաների ու պատանիների, 90 ծնողների, խնամակալների և 30 ուսուցիչների:
«Առցանց անվտանգության խնդիրն իսկապես հրատապ է, քանի որ շատ ծնողներ ու երեխաներ պատշաճ պաշտպանված չեն առցանց տիրույթում: Մեր ունեցած տվյալների համաձայն` ծնողների 57%-ն ու երեխաների 35%-ը ծանոթ չեն այն ծառայություններին, որոնց պետք է դիմել առցանց վտանգների, հատկապես բռնության դեպքերի հանդիպելու պարագայում»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
«Beeline-ը, մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիների վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես երիտասարդների և երեխաների շրջանում: «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի մեկնարկը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն ծնողներին, մանկավարժներին, ինչպես նաև իրենց` երեխաներին, հնարավորություն կտա ստանալ մասնագիտական աջակցություն և գիտելիքներ՝ ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Երեխաների առցանց անվտանգության ծրագրի շրջանակում երեխաներն ու երիտասարդները կմասնակցեն տարբեր դասընթացների` ծանոթանալով առցանց անվտանգության կանոններին ու մեխանիզմներին: Իսկ ծնողները կտեղեկացվեն սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու սկզբունքներին, երեխաներին արդյունավետ հետևելու ու վերահսկելու գործիքներին, վտանգներին և այլն: Ծրագրում ներառված կլինեն նաև ուսուցիչներ, ովքեր կսովորեն դպրոցականների օնլայն վարքագծին հետևելու սկզբունքները:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:48 16.03.2017