Beeline-ը կթվայնացնի Մարալիկ քաղաքի ֆիքսված ցանցը հոկտեմբերի կեսին
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արմենտել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մեկնարկել են ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. հոկտեմբերի 17-ը, Մարալիկ քաղաքի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի բարձրորակ ծառայությունները, ինչպես նաև կկատարելագործվի Beeline–ի լայնաշերտ ինտերնետի որակը: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաև սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ։
«Մենք շարունակաբար իրականացնում ենք ներդրումներ ուղղված լարային ենթակառուցվածքների արդիականացմանն՝ ընդգրկելով նորանոր բնակավայրեր։ Կատարելագործելով կապի ոլորտը մենք փորձում ենք փոխել մեր բաժանորդների կյանքը դեպի ավելի լավը՝ տրամադրելով նրանց որակյալ ձայնային կապ և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններ»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
2013թ–ի վերջի դրությամբ Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0– -
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:06 25.09.2014