Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնն է մեկնարկում Երևանում
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը Beeline–ի հովանավորությամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում։
Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։
Ըստ հաղորդագրության, փառատոնը կբացի «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմը, որի ռեժիսորն է եվրոպական կինոյի դասականներից Քեն Լոուչը: Նա այս ֆիլմի համար երկրորդ անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին:
«Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Այս տարի շատ խորհրդանշանական տարի է, քանի որ նշվում է 15-րդ Բրիտանական ֆիլմերի փառատոնը, իսկ մեր ընկերությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աջակցում է փառատոնի իրականացման գործընթացին: Մենք ուրախ ենք և հպարտ, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն իր հերթին նշեց, որ այս տարի Բրիտանական խորհուրդը նշում է իր գործունեության 15-րդ տարին:
«Բրիտանական ֆիլմերի փառատոնը մենք կազմակերպել ենք մեր գործունեության առաջին իսկ տարուց: Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է Բրիտանական խորհրդի այցեքարտը: Այս տարի ևս ֆիլմերի ընտրության մոտեցել ենք ամենայն պատասխանատվությամբ` հայ հանդիսատեսին ներկայացնելով բրիտանական ժամանակակից լավագույն կինոն»,-ասաց նա։
Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ավելացրեց, որ այս տարվա ծրագիրը ներառում է ֆիլմեր, որոնք դիտարկում են մարդու իրավունքների տարբեր ասպեկտները:
«Մենք որոշել ենք ֆինանսավորել այս թեմայի խթանումը, քանի որ մարդու իրավունքների խթանումը գերակայություն է բրիտանական կառավարության համար: Ֆիլմերը գերազանց միջոց են դրա համար, քանի որ դրանք կարող են օգնել, որ մենք աշխարհին նայենք այլ տեսանկյուններից, ուրիշների աչքերով»,- նշեց նա։
Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-ից 24-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր չորս անգամ։ Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։ Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքների թեմային:
Այս տարի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվեն BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին և երեք ֆիլմ, որոնք բարձրաձայնում ենք մարդու իրավունքների թեման: Ֆիլմերից հետո կկազմակերպվեն քննարկումներ:
Փառատոնի հյուրերն են Քերոլայն Պիրեսը` Nerdero ընկերության տնօրենը, և Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը: Քերոլայն Պիրեսը դասընթացներ կանցկացնի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների համար փետրվարի 20-ից 24-ը, իսկ Սառա Մոսսեսը դասընթացներ կանցկացնի համալսարանի ուսանողների համար փետրվարի 20-ին և 21-ին:
Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:37 15.02.2017