Skype–ը գործարկում է ձայնային կանչերի սինխրոն թարգմանության գործառույթը
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Skype–ը կգործարկի Translator (թարգմանիչ) ծառայությունը, որը թույլ կտա խոսքը թարգմանել զրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Ինչպես նշված է ընկերության հրապարակած հաղորդագրությունում, ի սկզբանե ծառայությունը հասանելի կլինի վեց լեզվով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն և իսպաներեն։
«Ընկերության ներկայացուցիչները վաղուց երազում էին հասնել նրան, որ վերացնեին օգտատերերի շփման ժամանակ առաջացող լեզվական արգելքը»,– նշում են Skype–ում։
Skype Translator–ն օգտագործում է խոսքի ճանաչման և ավտոմատ թարգմանության տեխնոլոգիաները, հիմնված է Microsoft–ի Translator ամպային ծառայության վրա։ Այս գործառույթը մշակելու համար 10 տարի է պահանջվել։
Skype Translator–ի տարբերակիչ առանձնահատկությունը մեքենայական ուսուցումն է, այսինքն մարդը որքան շատ օգտվի ծառայությունից, այնքան ավելի լավ կաշխատի թարգմանությունը։ Սակայն Microsoft–ը նախազգուշացրել է, որ թարգմանության ժամանակ կարող են խնդիրներ լինել, հատկապես` հատուկ անունների դեպքում։
Ընկերությունը գործարկում է նաև տեքստային հաղորդագրությունների ավտոմատ թարգմանությունը, որը կգործի ավելի քան 50 լեզվով։
Skype Translator–ն աշխատում է Windows 7, Windows 8 և Windows 10 օպերացիոն համակարգերով։ Առայժմ հայտնի չէ, թե այս գործառույթի տարբերակները երբ կստեղծվեն նաև այլ պլատֆորմների համար։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:13 02.10.2015