Երևանում մարվել է նախապատմական Տրոգոնթերյան փղի պատկերով նոր նամականիշ
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./ԱՌԿԱ/. Այսօր` մարտի 27-ին, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի շենքում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային, հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ–ն։
Նամականիշն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի վրա պատկերված է նախապատմական Տրոգոնթերյան փիղ: Նամականիշի ձախ հատվածում ներկայացված է Տրոգոնթերյան փղի վերականգնված կմախքը, որը գտնվում է Երկրաբանական թանգարանում և հայտնաբերվել է 1927 թվականին Շիրակի մարզում: Կմախքի երկարությունը կազմում է 4,5 մետր, իսկ բարձրությունը` 3,5 մետր։ Տրոգոնթերյան փիղը ապրել է մոտավորապես 1.000.000 տարի առաջ։
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը մատուցում է փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ: Ներկայումս ՀայՓոստը գործում է ամբողջ Հայաստանով բաշխված 900 փոստային բաժանմունքների միջոցով՝ քաղաքային համայնքներից մինչև ամենահեռավոր գյուղական բնակավայրերը: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:26 27.03.2019